Թոմաս Տուխելի առաջին հանդիպումը․ տակտիկական վերլուծություն

Բունդեսլիգայում չեմպիոնական պայքարը էլ ավելի է սրվում։ «Բավարիան» սեփական հարկի տակ հաղթեց «Բորուսիա Դորտմունդին» 4։2 հաշվով ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ գերազանցելով դորտմունդցիներին 2 միավորով։ Սա Տուխելի առաջին հանդիպումն էր «Բավարիայի» գլխավոր մարզչի դերում։ «Բավարիայի» տակտիկական վերլուծությունը՝ ստորև․

Երբ «Դորտմունդի Բորուսիան» սկսում էր պրեսինգ կիրառել մրցակցի տուգանային հրապարակում, շատ կարևոր էր Գորեցկայի և Մյուլլերի առաջ շարժվելը, քանի որ նրանք խառնաշփոթ էին ստեղծում մրցակից պաշտպանությունում, և այս գործողությունները տարածություն էին բացում Չուպո Մոտինգի համար։ Այս պարագայում մյունխենցիների բարձրից փոխանցումները շատ ճիշտ ժամանակին էին տեղի ունենում։

«Բավարիան» թվային առավելություն էր ստանում անգամ դիրքային գրոհների ստեղծման պահին։ Գրոհը սկսում էին մյունխենցիների 2 պաշտպաններ, որոնք ունեին մտածելու շատ ժամանակ, քանի որ պրեսինգը անում էր դորտմունդցիներից ընդամենը 1 ֆուտբոլիստ։ Կիսապաշտպանությունում «Բավարիան» թվային առավելություն չէր ունենում՝ 4-ը 5-ի դիմաց, իսկ հարձակման գծում հավասարություն էր լինում՝ 4-ը 4-ի դիմաց։ Դիրքային գրոհների ժամանակ Գորեցկան ավելի բարձրից էր դիրքավորվում, ինչը հնարավորություն էր տալիս բարձրից փոխանցումներ կատարել։ Սադիո Մանեի գոլը հենց դրա վառ ապացույցն էր, երբ Ուպամեկանոյի բարձրից փոխանցումը կտրեց մրցակցի պաշտպանությունը։ 

Կարևոր է նշել նաև Ջոշուա Կիմիխի դերի մասին։ Գրոհի ստեղծման ժամանակ, երբ դորտմունդցիները ավելի շատ ֆուտբոլիստներով էին անում պրեսինգ, Կիմիխը հայտնվում էր «Բորուսիայի» հարձակվողների թիկունքում՝ իր հետ խաղադաշի կենտրոն բերելով մրցակցի խաղացողներից մեկին։ Երբեմն նրան ոչ մեկը չէր վերահսկում ու նա կարողանում էր ազատ ընդունել գնդակն ու սկսել գրոհը։ Այս պարագայում Մյուլլերն ու Գորեցկան զբաղեցնում էին մրցակցի հենակետայինների ազատ տեղերը։ 

Երբ Գորեցկան ու Մյուլլերը շարժվում էին մրցակցի տուգանային հրապարակ, Կինգսլի Կոմանն ու Դեյվիսը ազատ տարածություն էին ստանում եզրում։ Արագ հակագրոհների ժամանակ «Բավարիան» ունենում էր 3-ը 2-ի դիմաց իրավիճակներ կամ կարող էր ունենալ, եթե բավարացիները արագ գործեին որոշ դրվագներում։ Հակագրոհների ժամանակ Դեյվիսը միանում էր դրան ու քանակական առավելություն ստեղծում առջևում՝ 3-ը 4-ի դիմաց։ 

Պաշտպանվելիս «Բավարիան» 4 ֆուտբոլիստներով էր սկսում, սա թույլ չէր տալիս, որ մրցակիցը կարճ փոխանցումներով դուրս գա սեփական տուգանային հրապարակից։ Բենժամեն Պավարը հաճախ էր միանում պրեսինգին ու գնդակը խլելիս նա կարողանում էր բաց տարածություններ գտնել կամ ստեղծել։ Մյուլլերի գոլը դրա հետևանքն էր։ Պավարը խլեց գնդակը, փոխանցեց Սանեին, Մյուլլերը տարածություն բացեց իր վազքով դեպի տուգանային հրապարակ, իսկ Սանեն այդ դիրքից որոշեց հարվածել։ Նրա հարվածից հետ անդրադարձ եղավ ու Մյուլլերը հեղինակեց իր հերթական գոլը։