PROFFOOTBALL-ը զրուցել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանի հետ։
– Պարոն Ոսկանյան, Հայաստանի հավաքականը երկու հանդիպում անցկացրեց։ Ի՞նչ կարծիք ունեք այդ հանդիպումներից հետո մեր հավաքականի վերաբերյալ։
– Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ հանդիպմանը մեծ նվիրվածությամբ խաղաց։ Մեր հավաքականը լավ խաղ ցուցադրեց։ 1։0-ի ժամանակ անգամ մենք ունեինք մի քանի գոլային պահեր, պարզապես Տարոն Ոսկանյանի վնասվածքը ազդեց խաղի հետագա ընթացքի վրա։ Մեր հավաքականը չունի այնպիսի կազմ, որ բոլոր դիրքերում համարժեք փոխարինող ունենանք։ Խաղից առաջ վնասվածք ստացավ Չալըշըրը, Ստյոպա Մկրտչյանը վնասվածքով էր եկել հավաքական ու դեռ պատրաստ չէր։ Ստիպված նա խաղադաշտ դուրս եկավ։
Մեր հավաքականը կարողանում էր թե՛ դիրքային գրոհներ կազմակերպել, թե՛ երկար փոխանցումներով գործել։ Երևաց, որ կա թիմային կարգապահություն։ Կար հավատ նաև իրենց ուժերին։ Մինչև վերջ պայքարեցին։ Անգամ վերջում լավ պահեր ունեցանք։ Լավ տպավորություն թողեցին այս խաղերը։ Նաև կան ֆուտբոլիստներ, ովքեր կմիանան հավաքականին, ունենք երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր ևս կարող են ուժեղացնել խաղը։
– Երիտասարդների մասին խոսելով պետք է առանձնացնել նաև Ռանոսին, ով դուբլի հեղինակ դարձավ Կիպրոսի դեմ խաղում։ Ի՞նչ կասեք նրա խաղի մասին։
– Մինչ հավաքական գալը ծանոթ էի նրա խաղին, հարձակվողի լավ տպավորություն էր թողել։ Հետևել եմ մարզումներին։ Կարևորը այն է, որ երիտասարդ է, ու ժամանակի ընթացքում նա կարող է էլ ավելի օգուտ տալ մեր ընտրանուն։ Երկար ժամանակ մենք չէինք կարողանում գտնել այդ դիրքում լավ հարձակվողի, ինչպիսին ժամանակին Յուրա Մովսիսյանն էր։
– Համարժեք փոխարինողից խոսելիս անպայման պետք է նշել նաև դարպասապահի դիրքը, քանի որ Բերեզովսկուց հետո մենք էտապներով ենք լավ դարպասապահ ունեցել։ Ըստ Ձեզ՝ ո՞վ պետք է լինի այս ընտրական փուլում մեր թիմի հիմնական դարպասապահը։
– Արսենը Բեգլարյան, քանի որ մշտական խաղային ժամանակ ունի ու լավ հանդիպումներ է անցկացնում։ Մենք պետք է գտնենք նաև այլ դարպասապահի, քանի որ մեկ դարպասապահով մենք երկար ճանապարհ չենք կարող գնալ։ Չշտապենք։ Մարզիչը կգտնի դարպասապահի։
– Դեռ վաղ է կանխատեսումներ անելը, սակայն ի՞նչ հնարավորություններ ունի մեր հավաքականը այս ընտրական փուլում, մինչև ո՞ւր կհասնի։
– Թուրքիայի դեմ մեր հավաքականը լավ խաղ ցուցադրեց։ Պետք է լավ հանդիպումներ անցկացնել բոլորի թիմերի դեմ։ Դիտել եմ նաև Խորվաթիա – Թուրքիա հանդիպումը։ Ճիշտ է, Խորվաթիան հաղթեց, սակայն Թուրքիայի ընտրանին ավելի լավ էր խաղում ու արժանի էր հաղթանակի, հատկապես առաջին խաղակեսում։ Թուրքիան լավ թիմ է, ու նրանց դեմ պայքարեցինք, անգամ խաղային դրվագներով գերազանցեցինք նրանց։ Պետք է պահպանենք խաղային կարգապահությունը։ Կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենց թիմերում պետք է շատ խաղան։ Օրինակ, Ժիրայր Շաղոյանը, եթե իր թիմում ավելի շատ խաղաժամանկ ստանա, ավելի մեծ օգուտ կտա հավաքականին։ Այս հանդիպումները ցույց տվեցին, որ նա իսկապես կարող է հզորացնել մեր կազմը։ Ստյոպա Մկրտչյան ունենք, Արթուր Սերոբյան, Նարեկ Գրիգորյան, Երջանիկ Ղուբասարյան։ Խաղից խաղ պետք է գնանք առաջ։ Այս երկու խաղը դեպի լավը շատ բան է ցույց տվել։ Կարևոր է նաև մրցակցությունը հավաքականում։ Հովհաննես Հարությունյանն ու Արտակ Դաշյանը ևս կարող է հզորացնել կազմը։ Թիմից ու մարզչից է ամեն ինչ կախված։