ՊՍԺ-ն պատրաստ է բարձրացնել Լիոնել Մեսսիի աշխատավարձը

ՊՍԺ-ն պատրաստ է ամեն ինչի, որպեսզի թիմի հարձակվող Լիոնել Մեսսին երկարաձգի պայմանագիրը, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ Կատարի էմիր Թամիմ իբն Համադ Ալ Թանին անձամբ է ցանկանում Մեսսիին պահել ՊՍԺ-ում։

35-ամյա արգենտինացուն պահելու համար փարիզյան ակումբը պատրաստ է բարձրացնել նրա աշխատավարձն ու երկարաձգել պայմանագիրն ավելի երկար ժամկետով, քան ի սկզբանե նախատեսված էր մեկ տարով։

Հաղորդվում է, որ Մեսսին համոզված չէ պայմանագրի երկարաձգման անհրաժեշտության մեջ։ Նա կարծում է, որ նման տնտեսական պոտենցիալ ունեցող ակումբը պետք է ձգտի ամեն մրցաշրջան նվաճել յուրաքանչյուր գավաթ, իսկ վերջին տարիներին դա այդպես չէ։

Ավելի վաղ «Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն խոսել էր Մեսսիի՝ ակումբ հնարավոր վերադարձի մասին։

Հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: