Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով չի մասնակցի Կիպրոսի հետ խաղին

Հայաստանի ազգային հավաքականի և ԲԿՄԱ-ի 20-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանը ևս չի մասնակցի Կիպրոսի դեմ ընկերական հանդիպմանը։

PROFFOOTBALL-ը ճշտել է ԲԿՄԱ-ից Ստյոպա Մկրտչյանի վնասվածքի լրջությունը։ Ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ին միացել էր վնասվածքով և Թուրքիայի դեմ հանդիպումը ևս անցկացրել է վնասվածքով։ Ֆուտբոլիսի վնասվածքը Թուրքիայի դեմ խաղում կրկնվել է։ 20-ամյա ֆուտբոլիստը առբերող մկանի կպման տեղի վնասվածք է ստացել, որի պատճառով շարքից բացակայելու է մոտ 10 օր։

Ստյոպա Մկրտչյանի ապաքինմամբ այժմ զբաղվում է Հայաստանի ազգային հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հավաքականի ճամբարից հեռացել են հարձակվողներ Լուկաս Սելարայանը, Էդգար Բաբայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Հայաստանի հավաքականի ճամբարից հեռացել է նաև շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Չալըշըրը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել Թուրքիայի ընտրանու դեմ EURO-2024-ի առաջին տուրի խաղը:

«Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանի վնասվածքը լուրջ չէ: Ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի և նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտևի մոտ 20 օր։