«Նապոլին» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիին կառաջարկի երկու տարով երկարաձգել պայմանագիրը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 64-ամյա իտալացու աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
Նշվում է, որ առաջիկա ամիսներին կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Ավելի վաղ նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել էր, որ Սպալետին հաջորդ մրցաշրջանում կմնա ակումբում։
Մարզիչը «Նապոլին» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
27 տուրից հետո նեապոլցիները 71 միավորով գլխավորում են իտալական Ա սերիան, բացի այդ, «Նապոլին» դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ, որում խաղալու է «Միլանի» հետ։