Ռուբեն Նազարեթյան․ «Ոչ միայն նրանց, այլ ամբողջ հայ ազգին մաղթում եմ հաղթանակ»

PROFFOOTBALL-ը զրուցել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ։

– Ինչո՞ւ ֆուտզալ, այլ ոչ ֆուտբոլ։
– Նախընտրել եմ ֆուտզալը։ Ժամանակին ֆուտբոլում եմ եղել, հետո եկել եմ ֆուտզալ։ Այն ավելի շատ գերեց։ Կարծում եմ, որ այստեղ ես ինձ ավելի լավ եմ պատկերացնում։

– Պարոն Նազարեթյան, ֆուտզալի Հայաստանի հավաքականը փայլում է։ Էլիտ ռաունդի ուղեգիր եք նվաճել։ Ո՞րն է թիմի հաղթանակի գրավականը։
– Հաղթանակի գրավականը ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքն է։ Լավ աշխատեցինք ու արդյուքները եկան։ Նաև տղաների նվիրվածությունն ու մարզչական շտաբի լավ աշխատանքը։ 

– Թիմում հայերից բացի, կան նաև այլազգիի ֆուտզալիստներ։ Առջում կտեսնե՞նք նորեկների՝ թե՛ հայ, թե՛ այլազգի։
– Իհարկե։ Ես միշտ ասել եմ, որ հավաքականում պետք է լինեն միշտ փոփոխություններ։ Ոչ մեկի տեղը հավաքականում ապահովված չէ։ Դուք տեսաք երկու երիտասարդ հայերի վերջին խաղում, որ Ռուսաստանում էին հանդես գալիս։ Եթե կարիքը լինի, հավաքականը մշտապես փոփոխությունների կարիք կունենա։

– Ի՞նչ պետք է անեն մեր ֆուտբոլիստները, որպեսզի դրական արդյունքի հասնեն Եվրո-2024-ի ընտրական փուլում։
– Ես այս հարցին պատասխանել եմ ֆուտզալի մասին տված հարցի պատասխանով։ Քրտնաջան աշխատանք և նվիրվածություն։ Եթե այս ամենը կա, մեր թիմերը կարող են հասնել արդյունքի։ 

– Հենրիխ Մխիթարյանի թեման այլևս պետք չէ քննարկել։ Լինելու են հանդիպումներ, երբ ֆոտբոլիստները պետք է նաև իրենց վրա խաղը վերցնեն։ Ո՞ւմ եք տեսնում այդ դերում։
– Կարծում եմ, որ մենք նման անհատականություն չունենք։ Մեզ պետք է կոլեկտիվ ֆուտբոլ։ Թիմային խաղը մեզ ավելի օգտակար է։ 

– Հայաստան – Թուրքիա խաղը չափազանց հետաքրքիր է լինելու։ Լեփ-լեցուն տրիբունաներ ենք տեսնելու։ Ի՞նչ կուզեք ասել մեր ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին խաղից առաջ։
– Ոչ միայն նրանց, այլ ամբողջ հայ ազգին մաղթում եմ հաղթանակ, քանի որ սա ազգի խնդիրն է։ Կապ չունի առաջին խաղ, երկրորդ խաղ։ Բոլոր խաղերը կարևոր են։ Առաջին խաղում հաղթանակը գործի 50%-ն է։ Առաջին խաղում հաղթանակը լավ շանսեր կտա՝ խմբից դուրս գալու համար։