Չեմպիոնների Լիգայի ինտրիգները․ ո՞ր թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ փուլ

Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը։ Թիմերը իմացան իրենց մրցակիցներին։ Շատերը արդեն պատրաստվում են առաջին հանդիպմանը։ Սակայն, մինչ  այդ պետք է հասկանալ, թե ովքե՞ր են ֆավորիտներ քառորդ եզրափակիչ զույգերում և ինչու՞։

«Բենֆիկա» – «Ինտեր»
Պորտուգալական «Բենֆիկան» շարունակում է զարմացնել Եվրոպային։ Խմբային փուլում փայլուն հանդիպումներ անցկացրած և առաջին հորիզոնականը գրաված պորտուգալական թիմը մրցելու է իտալական «Ինտերի» դեմ, որը կենտրոնացել է ՉԼ-ի վրա ու մեծ հնարավորություններ ունի մրցաշարում առաջ գնալու։

Ռոգեր Շմիդտի թիմը ⅛ եզրափակչում քարը քարի վրա չթողեց «Բրյուգեին»՝ ջախջախելով ընդհանուր 7-1 հաշվով։ Թիմը Չեմպիոնների Լիգայի երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հասնում է քառորդ եզրափակիչ փուլ։ Այս տարի մրցակիցը «Ինտերն» է, որը ավելի հարմար մրցակից է և, գուցե, հավասարազոր։ 

Իր հերթին «Ինտերը» Սերիա Ա-ում ոչինչ չունի այլևս անելու, բացի Չեմպիոնների Լիգայի գոտում պայքարելը, ուստի կարող է ամբողջովին կենտրոնանալ այս կարևոր հանդիպման վրա։ Որքան էլ հավասարազոր թիմեր են իրար դեմ մրցելու, կարելի է ասել, որ «Ինտերը» այս դիմակայությունում ֆավորիտ է, սակայն ոչ բացահայտ։

 

«Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա»
Սա Պեպ Գվարդիոլայի վերջին մրցաշրջանն է, ու նա պետք է փորձի այնպես անել, որ վերջապես ականջավոր գավաթը նրանք բարձրացնեն։ Պրեմիեր Լիգայում «Արսենալը» բավականին առավելություն ունի՝ առաջ լինելով «Սիթիից» 5 միավորով։ Չեմպիոնների Լիգայում էլ Պեպը մրցելու է Նագելսմանի «Բավարիայի» դեմ, որը մեխանիզմի պես անթերի է այս տարվա Չեմպիոնների Լիգայում, ինչը չենք կարող ասել Բունդեսլիգայի մասին։ Նրանք այժմ 1 միավորով զիջում են Դորտմունդի «Բորուսիային»։ 

«Բավարիան» կփորձի այս մրցաշրջանում ավելի շատ կենտրոնանալ ՉԼ-ի վրա, և դա զգացվում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակից։ Նագելսմանի տղաները շատ լուրջ թիմ ունեն, բարձր պրեսինգ են կիրառում ու կայծակնային գրոհներ են անցկացնում, ինչը մահացու է լինում մրցակիցների համար։

Պեպ Գվարդիոլան իր նախկին թիմի դեմ է մրցելու, սակայն հաղթանակի ցանկությունը մեծ է։ Այստեղ բոլորը պայքարում են չեմպիոնության համար, ու այս թիմերը գլխավոր ֆավորիտն են։ Հաշվի առնելով «Սիթիի»՝ Հոլանդի նկատմամբ «թուլությունը»՝ «Բավարիան» այս խաղում ոչ բացահայտ ֆավորիտ է, քանի որ Հոլանդին փակելու դեպքում «Սիթին» կարող է խնդիրներ ունենալ հարձակման գծում, իսկ նրան փակել, վստահաբար, գիտեն բավարացիները։

Մադրիդի «Ռեալ» – «Չելսի»
Նախորդ մրցաշրջանում «Չելսին» շատ մոտ էր քամբեք իրականացնելուն ու մադրիդցիներին մրցաշարից դուրս թողնելուն, սակայն Պապա Կառլոյի սաները այդ մտքին համաձայն չէին, ինչի մասին նրանք ՉԼ-ի նախորդ մրցաշարում բազմիցս ասացին։ «Չելսին» նախորդ տարվա թիմը չէ, Գրեհեմ Փոթերը բազում խնդիրներ ունի լուծելու, իսկ Մադրիդի «Ռեալին» հաղթելու խնդիրը բավականին մեծ է։ 

Կառլո Անչելոտտիի թիմն էլ Լա Լիգայում գրեթե ավարտեց իր պայքարը։ Չեմպիոնական պայքարում կատալոնական «Բարսելոնան» արդեն 12 միավորի առավելություն ունի, իսկ այս «Բարսելոնան» դժվար թե այս առավելությունը բաց թողնի։ 

Մադրիդի «Ռեալը» գնում է 15-րդ ՉԼ-ի գավաթը հաղթելուն, ինչը նրանց հիմնական մոտիվացիան է այս մրցաշարում, իսկ Գրեհեմ Փոթերը կարող է մրցաշրջանը փրկել, եթե կարողանա հաղթահարել «Ռեալի» արգելքը։

Սա քառորդ եզրափակչի միակ հանդիպումն է, որտեղ կա ընդգծված ֆավորիտ։ Մադրիդյան գրանդը այս խաղում հաղթելու բացահայտ ֆավորիտն է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ «Չելսիի» վատ մարզավիճակը, «Ռեալի» լավ խաղը այս մրցաշարում, նրանց միակ կենտրոնացվածությունը և այլն։

«Նապոլի» – «Միլան»
Իտալական ակումբները այս մրցաշարում բավականին աչք ծակող ֆուտբոլ են խաղում։ «Ինտերը» պայքարից դուրս թողեց «Բարսելոնային», «Նապոլին» խմբային փուլում միանձնյա գլխավորեց աղյուսակը՝ վաստակելով 20 միավոր, «Միլանը» վերջապես նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ Միայն «Յուվենտուսն» էր, որ չկարողացավ փլեյ-օֆֆ դուրս գալ, սակայն նրանք Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչում են։

Այնուամենայնիվ, «Նապոլի» – «Միլան» հանդիպումը շատ հետաքրքիր ու մրցակցային է լինելու։ Իտալական մեկ թիմ նվազագույնը մենք կտեսնենք կիսաեզրափակիչում։ «Նապոլին» փայլում է այս տարի Վիկտոր Օսիմհենի և Խվիչա Կվարացխելիայի հետ միասին։ Վերջինս իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում իր կարիերայի։ Նրա հանդեպ մեծ որս է սկսվել արդեն իսկ։

Ստեֆանո Պիոլին համաձայն չէ այն մտքին, թե «Նապոլին» ֆավորիտ է։ Նա կարծում է, որ այդ երկու հանդիպումները այլ մակարդակի են, և էական չէ Ա Սերիայում նրանց զբաղեցրած այժմյան դիրքերը։

«Նապոլին» Խվիչայի ու Օսիմհենի հետ միասին կփորձի հաղթահարել Իբրահիմովիչի ու իր խաղընկերների արգելքը, ինչը վստահաբար շատ դժվար է լինելու։ Այս խաղում ֆավորիտ չկա, երկու թիմերն էլ հավասարապես հնարավորություն ունեն՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու։