Ժիրայր Մարգարյան․ «Խոսել եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետ»

PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի հավաքականի թեկնածու և «Ուրարտուում» վարձավճարով հանդես եկող 25-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանի հետ։ 

– Ժիրայր, նախևառաջ շնորհավորում ենք 150-րդ խաղը Հայաստանի առաջնությունում անցկացնելու կապակցութամբ։ Ի՞նչ է տվել ու շարունակում տալ Հայաստանի առաջնությունը Ձեզ՝ որպես ֆուտբոլիստի։
– Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Կարծում եմ, որ թե՛ Հայաստանի առաջնությունը, թե՛ հայ ֆուտբոլիստները աճ են գրանցում։ Գնալով Հայաստանի առաջնության որակն ավելի է բարձրանում։ Ես էլ հույս ունեմ, որ «Ուրարտուի» հետ վերջապես հաջողության կհասնեմ այս մրցաշրջանում։

– «Ուրարտուն» հստակ քայլերով շարժվում է առաջ։ Ամռանը վերադառնալու եք «Վերե՞ս», թե՞ սպասենք Ձեզ «Ուրարտուի» կազմում եվրագավաթային խաղերին, եթե նվաճեք դրա ուղեգիրը։
– «Վերեսի» հետ կապված հստակություն չկա, չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Հիմա բոլոր մտքերս «Ուրարտուի» հետ են, և ուզում եմ թիմի հետ հասնել առավելագույն արդյունքի։

– Հայաստան – Թուրքիա, ի՞նչ ակնկալիքներ ունեք։
– Բոլորս էլ գիտենք, որ բարդ հանդիպում է սպասվում։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի։

– Ալեքսանդր Պետրակովը հայտարարեց արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների հայտացուցակը։ Մոտ օրերս կհայտարարեն նաև Հայաստանում հանդես եկողներին անունները։ Ձեզ հետ կապ հաստատե՞լ են։
– Խոսել եմ գլխավոր մարզչի հետ, երբ մենք հավաք էինք անցկացնում Դուբայում։ Ես նույնպես սպասում եմ հայտացուցակին, ինչպես բոլորը: