Էրիկ տեն Հագը վերակառուցում է «Մանչեսթեր Յունայթեդը»․ ի՞նչ տակտիկական առանձնահատկություններ կան թիմի խաղում

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր մեկնարկած առաջնությունում բավականին հաջող է խաղում։ Էրիկ տեն Հագի թիմը Պրեմիեր Լիգայում այժմ երրորդն է, իսկ Եվրոպա Լիգայում վերջերս նրանք պայքարից դուրս թողեցին լավ մրցաշրջան անցկացնող «Բարսելոնային»։ Չնայած Մարկուս Ռեշֆորդի նման արդյունավետությանը կամ անհատների լավ խաղին՝ մարզչի դերը էական է։ ՄՅՈւ-ն տակտիկական փոփոխություններ է իրականցրել, որոնց շնորհիվ կարողանում է հաղթանակներ տոնել։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի առաջին երկու հանդիպումներում պարտվեց, և շատ մասնագետներ կարծում էին, որ Տեն Հագը չի կարող հարմարվել թիմին։ Սակայն, կանցնի մի որոշ ժամանակ, ու Տեն Հագը թիմի առանցքային հաջողությունների համահեղինակը կդառնա։

«Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական խաղային սխեման 4-2-3-1-ն է։ Ձմեռային տրանսֆերային պատուհանում Վաուտ Վեգհորստի համալրումը մեծ առավելություն էր։ Տեն Հագը կարող է և՛ ընդգծված հարձակվողով խաղալ, և՛ կեղծ 9 համարով։ «Բարսելոնայի» դեմ խաղում Վեգհորստը կեղծ 9 համարի դիրքում էր հանդես գալիս, որը հնարավորություն էր տալիս Ռեշֆորդին և Սանչոյին ազատ տարածություններում հայտնվել։ Այս քայլով ավելի մեծ ու ավելի մոտ էր խաղում վերջիններիս Բրունո Ֆերնանդեշը։ Վաուտ Վեգհորստը կարողանում էր հետ քաշել կատալոնական թիմի ֆուտբոլիստներին, իսկ Ռեշֆորդն ու Սանչոն հայտնվում էին նրանց թիկունքում։ Սա նրանց հաղթանակի գրավականն էր ոչ միայն «կապտանռնագույնների» դեմ խաղում, այլև մրցաշրջանի երկրորդ հատվածում։

Էրիկ տեն Հագը տոտալ ֆուտբոլի փոխարեն նախտնրում է խաղալ հակագրոհներով, հատկապես երբ եզրային վինգերներդ նման բարձր արագություն ունեն։ Opta-ի արած հետազոտությունն էլ փաստում է սա․ ՄՅՈւ-ի գրոհների 50%-ը միշտ ավարտվում է մրցակցի տուգանային հրապարակում, որից 34%-ը ավարտվում է հարվածով։ 

ՄՅՈւ-ի հիմնական խաղային գործոններից մեկը արագությունն է։ Էրիկ տեն Հագի սաները ոչ միայն արագաշարժ են գնդակով, այլև առանց գնդակի։ Սակայն, այստեղ կարևոր է, թե որքան են նրանք գնդակն իրենց մոտ պահում։ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները դիրքային գրոհի ժամանակ նախընտրում են ընդամենը 2 հպումից հետոո փոխանցում կատարել, որը քաոսային վիճակ ստեղծելու հնարավորություն է տալիս մրցակցի տուգանայինում։

Դիրքային գրոհների ժամանակ նրանք գրոհում են եզրերով։ Միջինում ընդամենը 3 փոխանցում է հարկավոր՝ մրցակցի տուգանային հրապարակ գնդակը հասցնելու համար։ 

Տեն Հագի թիմի մեկ այլ գործոն է նաև Կազեմիրոն։ Կազեմիրոյի ներկայությունը խաղադաշտում հնարավորություն է տալիս Ֆրեդին՝ ավելի բարձր դիրքավորվելու։ Պաշտպանվելիս ՄՅՈւ-ն 4-1-4-1-ի է դիմում, իսկ Ֆրեդն ու Բրունո Ֆերնանդեշը, ավելի բարձր դիրքավորվելով, ավելի արագ կարող են կողմնորոշվել հարձակման ժամանակ, քան Կազեմիրոն։ 

Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ թե վերակառուցեց, այլ վերականգնեց, իսկ հիմա փորձում է արդիականացնել։ Սակայն, ամենակարևորը նրանց թիմի ու երկրպագուների համար այն է, որ նա «վերադարձրեց» «Մանչեսթեր Յունայթեդը»։