Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում կատալոնական «Բարսելոնան» մրցում էր Մադրիդի «Ռեալի» դեմ։ «Սանտիագո Բեռնաբեուում» լարված պայքար ընթացավ, բայց հաջողությունը այդ երեկո «կապտանռնագույնների» կողմն էր։ Խաղում մի շարք տակտիկական մոտեցումներ եղան, որոնց շնորհիվ Չավիի թիմը կարողացավ առավելության հասնել։
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպանների դանդաղ խաղը դարձավ «Բարսելոնայի» համար հաղթական։ Կամավինգայի և Թոնի Կրոսի՝ միաժամանակ մեկնարկային կազմում հայտնվելը տարօրինակ էր։ Կառլո Անչելոտտին հասկանում էր, որ Պեդրիի բացակայության պայմաններում «Բարսելոնան» կենտրոնով գրոհներ չի կառուցելու, առավել ևս կենտրոնով չի գրոհելու կամ հակագրոհելու։ Սա հնարավորություն էր տալու Տոնի Կրոսին եզրերում ավելի բարձր տեղակայվել և օգնել հատկապես Վինիսիուսին գրոհների ժամանակ՝ քանակական առավելություն ապահովելով։ «Բարսելոնան» էլ, իր հերթին հաշվի առնելով այս ամենը, պրեսինգի էր ենթարկում միայնակ մնացած Կամավինգային եռանկյունիների կամ քառակուսիների տեսքով։ Գոլի դրվագն էլ նման սխալի պատճառով էր։ Կամավինգայի վրա սկսեց մեծ ճնշում, այնուհետև կատալոնացիները խլեցին ու զարգացրին իրենց գրոհը։
«Բարսելոնայի» էտապային պրեսինգները մինչև 65-րդ րոպե շարքից հանում էին Մոդրիչին ու Կրոսին՝ գրոհն արագ սկսելու համար։ Մրցակցի տուգանային հրապարակում Չավիի սաները տեղակայվում էին 4-4-2 սխեմայով։ Դե Յոնգի և Ֆերան Տորեսի պրեսինգները կենրոնական պաշտպանների վրա զարմանալի էր այնքանով, որ նման մրցակցի դեմ խաղում կա՛մ պետք է ամբողջ խաղում այդպես խաղալ՝ բացեր չթողնելու համար, կա՛մ չխաղալ։ Խաղի վերջնամասում «Բարսելոնան», իհարկե, հրաժարվեց խաղային այս մոտեցումից, բայց 4-5-1 սխեմայով դիմավորելով մրցակցին՝ նվազեցրեց Վինսիուսի անհատական անցումներն ու արագ հակագրոհները։
Կարող ենք ասել, որ Չավին, չնայած կատարած երկու փոփոխություններին, խաղը հաղթեց առանց փոփոխությունների, քանի որ խաղավարտին Ֆաթիի դաշտ դուրս գալը պայմանավորված էր միայն հարձակման կրակակետում գնդակը ստանալով։ Չավին չկտրեց կիսապաշտպանության հենքը՝ Գավի-Բուսկետս-Դե Յոնգ, պարզապես Կեսիեի դեղին քարտն ու հոգնածությունը դաշտի կենտրոնում ու Չուամենիի խաղադաշտ դուրս գալը կարող էին վնասել։ Նրա փոխարեն Չավին այդ դիրքը վստահեց Սերժի Ռոբերտոյին։ Բայց նրա՝ խաղադաշտ դուրս գալը այդքան էլ մեծ ազդեցություն չունեցավ։
Մադրիդի «Ռեալի» թերևս հիմնական խնդիրներից մեկը Վինսիուսին մեկուսացնելն ու Բենզեմային տուգանային հրապարակից դուրս «պահելն» էր։ Վինսիուսը ամբողջ խաղին այդպես էլ չկարողացավ հարմար գոտիներ գտնել, իսկ առաջին կեսում նրա նյարդերը տեղի տվեցին, որի պատճառով դեղին քարտ ցույց տվեց գլխավոր մրցավարը, ինչի վրա «Բարսելոնայի» ֆուտբոլիստները սկսեցին «խաղալ»։ Հոգեբանորեն ճնշված Վինսիուսը անհաջող էր ցանկացած դրիբլինգի փորձ կատարելիս․ այս հանգամանքին մեծապես ազդեց այն, որ Նաչոն գրոհներին ոչ այդքան շատ է մասնակցում, իսկ Ռաֆինյա-Արաուխո տանդեմը բավարար էր՝ բրազիլացուն մեկուսացնելու համար։
«Բարսելոնայի» պաշտպանությունը երեկ փայլեց՝ ի դեմս «սերուցքայինների»։ Բանն այն էր, որ Բենզեման շատ ավելի թիկունքից էր գործում, իսկ բարձրից խաղ չլինելու դեպքում կատալոնացիները շատ ավելի հարմար են պաշտպանվում։
Բայց, խոսելով խնդիրներից՝ չենք կարող չառանձնացնել «Բարսելոնայի» հարձակման գծի պասիվ խաղը։ Այո՛, հիմնական գրոհի ստեղծողներն ու եզրափակողները չէին մասնակցում հանդիպմանը, սակայն Ռաֆինյայի ու հատկապես Ֆերանի խաղը անշուք էր։ Ֆերան Տորեսը կտրված էր թիմից, և դրա վառ ապացույցն այն է, որ նա 3 անգամ խաղից դուրս իրավիճակում է հայտնվել։ Իսկ 9 մենապայքարներից հաղթել է ընդամենը 2-ում։ «Բարսելոնայի» թերություններից էր նաև այն, որ շատ խիտ դիրքավորումը խանգարում էր արագ հակագրոհներին։ Մադրիդի «Ռեալի» փոխանցումները մաքրելիս, երբ գնդակը հայտնվում էր կատալոնացիների մոտ, կա՛մ պարզապես գնդակը փոխանցում էին առաջնագիծ, կա՛մ պարզապես հեռացնում։ Սխալներից մեկն էլ այն էր, որ հնարավորություն էին տալիս խաղալու տուգանային հրապարակի ներսում։
Սա Էլ Կլասիկոյի առաջին հանդիպումն էր։ Չնայած հաշվին՝ սա դեռ ոչինչ չի նշանակում։ Պատասխան հանդիպումը ապրիլի 6-ին է «Կամպ Նոու» մարզադաշտում։