Լիոնել Մեսսիի հայրը ակնարկել է, թե ուր կարող է տեղափոխվել իր որդին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ «Բարսելոնա»:

Ըստ Jijantes FC-ի լրագրող Ժերար Ռոմերոյի՝ Մեսսին, նրա հայրը և ֆուտբոլիստի շրջապատը քննարկում են Լեոյի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ: Խորխե Մեսսին` ֆուտբոլիստի հայրը, բանակցություններ է վարում Ժոան Լապորտայի հետ, իսկ Լիոնել Մեսսին` Չավիի հետ:

«Չեմ ուզում ասել, որ Մեսսին կվերադառնա, բայց ամեն ինչ համընկնում է։ Հնարավորություն կա, որին ոչ ոք չի հավատում։ Չավին ու Լեոն մշտական ​​շփման մեջ են»,- ասել է Ռոմերոն։

Նշենք, որ մի քանի օր առաջ Մեսսիի հայրն ասել էր. «Չեմ կարծում, որ Լեոն կվերադառնա «Բարսա»։ Ոչ մի առաջարկ կամ պայմաններ չկան»։

Մեսսին «Բարսելոնայի» համակարգ է մտել 2000 թվականին և ակումբում հանդես է եկել մինչև 2021 թվականը: Հետո ֆինանսական խնդիրների պատճառով կատալոնացիները չկարողացան երկարաձգել նրա հետ պայմանագիրը, իսկ Լեոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։

Նրա գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 16 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: