Ռոնալդ Արաուխոն անակնկալ է մատուցել քաղցկեղի դեմ պայքարող տղային


«Բարսելոնայի» և ուրուգվայի հավաքականի պաշտպան Ռոնալդ Արաուխոն այցելել է հիվանդանոց՝ զարմացնելու քաղցկեղով տառապող 15-ամյա Սերգիին։

Հանդիպումը կատարյալ անակնկալ էր երիտասարդի համար, քանի որ նրան չեն զգուշացրել ֆուտբոլիստի այցի մասին։ Տղան վստահ էր, որ պատրաստվում է հարցազրույցի, որտեղ իրեն կհարցնեն հիվանդության դեմ պայքարելու իր փորձի մասին։ Ռոնալդն ու Սերգին քննարկել են իրենց հետաքրքրությունները։

«Բարսայի» աստղը տղային հրավիրել է հինգշաբթի օրը «Կամպ Նոու» մարզադաշտում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի խաղին և նրան «Բարսայի» մարզաշապիկ է նվիրել:

Այս ակցիան անցկացվել է «Երեխաների առողջություն և էմոցիոնալ բարեկեցություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է դրական լիցքեր տալ այս ծանր հիվանդությամբ տառապող երեխաների կյանք։