Նիկոլ Փաշինյան. «Խնդիր ենք դրել՝ մինչև 2050 թվականն ունենալ ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»

ՀՀ կառավարության ռազմավարության մեջ խնդիր ենք ձևակերպել մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկե մեդալ, իսկ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր։ Այդ մասին դեկտեմբերի 15-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարվա լավ ցուցանիշներն ի ցույց են դնում, որ երբ պետությունն աջակցություն է ցուցաբերում, ոլորտը արագ արձագանքում է»,- նշել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով միջազգային մրցաշարերում հաղթող կամ մրցանակակիր դարձած մարզիկների պարգևավճարների կրկնապատկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի չեմպիոնը միանվագ ստանալու է 10 միլիոն դրամ (նախկին 5-ի փոխարեն), իսկ Եվրոպայի չեմպիոնը՝ 6 միլիոն դրամ (նախկին 3-ի փոխարեն):

«ՀՀ կառավարության մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ խնդիր ենք դրել, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականը դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր, որն իրագործելի ծրագիր է։ Բայց դրա համար մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Իրատեսականությունը խիստ հաշվարկելի է։ Դա կախված է նրանից, թե մենք ինչ ենթակառուցվածքներ ունենք, քանի երեխա է զբաղվում ֆուտբոլով»,- նշել է ՀՀ վարչապետը։