Վարազդատ Հարոյան. «Այս խմբում կարելի է պայքարել բոլոր թիմերի դեմ»

Հոկտեմբերի 9-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվեց վիճակահանության վերաբերյալ իր տպավորություններով.

«Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»,- ասել է Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում։

Հիշեցնենք՝ Եվրո-2024-ի վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ։

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն ԵՎՐՈ 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի Լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։