Լևոն Պաչաջյան. «Թուրքիայի դեմ խաղն անցնելու է մեծ ճնշման ներքո»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ մեկնաբանել է Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում՝ Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ․

«Կարծում եմ Հայաստանի հավաքականը բավականին հարմար խմբում է հայտնվել, որտեղ ի վիճակի է պայքարել անցողիկ տեղերից մեկի համար: Այստեղ մեծ դեր է խաղալու մարզչի ընտրության հարցը: Շուտով կիմանանք թե՝ ում է ընտրել ՀՖՖ-ն։

Թուրքիա՞ն․ Թուրքիայի հետ խաղն, իհարկե, առանձնահատուկ է: Հաշվի առնելով այն դրամատիկ իրականությունը, որը ապրում է Հայաստանը, այդ խաղը շատ մեծ հոգեբանական ճնշման ներքո է անցնելու (փորձ ունեցել եմ , ցավոք, ցավոտ):

Ամեն դեպքում, լիահույս եմ և լավատես, որ մեր հավաքականը կկարողանա մեզ բոլորիս ուրախացնել և վերջապես դուրս գալ մեծ մրցաշարի հիմնական փուլ: Հաջողություն Հայաստանի հավաքականին»,- գրել է Պաչաջյանը։