Մանուել Ականջին ասել է, թե ով է իրեն համոզել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրում «Սևիլիային» (4:0) հաղթելուց հետո ասել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը համոզել է իրեն ընդունել անգլիական ակումբ տեղափոխվելու առաջարկը։

Հիշեցնենք, որ Ականջին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» սեպտեմբերի սկզբին։

«Սա իմ առաջին խաղն էր ակումբի կազմում. Տղաները աջակցում էին ինձ: Ուրախ եմ, որ 3 միավոր վաստակեցինք։

Հոլանդն ինձ հետ զրուցել է նախքան տեղափոխությունը: Երբ ինձ զանգահարեցին «Մանչեսթեր Սիթիից», ես ստիպված չեղա երկար մտածել: Էրլինգն ինձ միայն լավ բաներ է պատմել ակումբի մասին»,- Ականջիի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։