Ռազմիկ Գրիգորյան. «Պաշտոնական առաջին խաղում հաղթելուց հետո շատ ուրախ և հպարտ էինք»

27 տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի ազգային հավաքականը տարավ պաշտոնական խաղերում առաջին հաղթանակը՝ հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթելով ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականին: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձած Ռազմիկ Գրիգորյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում վերհիշել է իր գոլը, պատմել հաղթանակից հետո տիրող մթնոլորտի մասին և շեշտել Աշոտ Խաչատրյանի կարևորությունն այդ խաղում.

«Այսօրվա պես հիշում եմ այդ հանդիպումը: Վնասվածքից նոր էի ապաքինվել: Գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի հետ պայմանավորվել էինք, որ պետք է խաղամ մոտ 60 րոպե: Սակայն այնպես ստացվեց, որ գնդակը չէր հեռանում խաղադաշտից: Եվ հենց այդ ժամանակ՝ 61-րդ րոպեին, փոխանցում ստացա Արմեն Շահգելդյանից, գնդակն աջ ոտքիցս տեղափոխեցի ձախ ոտքիս և հարվածեցի: Շատ գեղեցիկ գոլ ստացվեց:

Խաղավերջում մակեդոնացիները ստացան 11-մետրանոցի իրավունք, բայց Արմենակ Պետրոսյանը փրկեց մեզ, իսկ փորձոռու Աշոտ Խաչատրյանը, երևի, հենց դրա համար էր մտել խաղադաշտ, որ հեռացներ գնդակը և ապահովեր հաղթանակը:

Առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղերում: Ափսոսում էինք, որ հաղթանակը չէր կայացել Երևանում՝ մեր երկրպագուների ներկայությամբ, քանի որ այդ տարիներին «Հրազադան» մարզադաշտում մեր աջակիցների թիվը միշտ մեծ էր լինում,  բայց շատ ուրախ էինք, որ հաղթել ենք: Հանդերձարանում ուրախության և հպարտության մթնոլորտ էր տիրում»: