Դմիտրի Գունկո. «Խաղն ընդհանուր առմամբ հենց մեր վերահսկողության տակ էր»

ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4:1) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է խաղի մասին:

«Մենք բավականին լուրջ պատրաստվել էինք այս խաղին, գիտեինք, որ ԲԿՄԱ-ն երկու սխեմա է խաղի մեջ դնելու և իր կազմում անհատական շատ ուժեղ խաղացողներ ունի: Բացառությամբ երկրորդ խաղակեսում այն դրվագի, երբ Ժիրայր Մարգարյանը հայտնվել էր խոտածածկին, հանդիպման մնացած մասում խաղը մեր վերահսկողության տակ էր: Ես կարծում եմ, որ մեր ստեղծած պահերը շատ ավելի էին, քան մեր խփած գոլերը»:

Էրիկ Փիլոյանի՝ առաջին անգամ մեկնարկային կազմում ընդգրկվելու մասին

«Մեր կազմում ունենք 24 ֆուտբոլիստ, որոնցից ձևավորում ենք մեր կազմը, որոշեցինք, որ Փիլոյանն այսօր խաղադաշտում պետք է լինի, մենք հասկանում էինք նաև Ժիրայր Մարգարյանի ուժեղ կողմերը, ուստի այդպիսի կազմ ընտրեցինք»:

«Լեռնային Արցախի» հետ խաղից կատարած հետևությունների մասին

«Ես կարծում եմ, որ ցանկացած խաղից, հաղթանակ տոնած լինի, թե պարտված լինի թիմը, կարելի է դասեր քաղել, նման խաղերից հետո մարզչական շտաբն էլ, ֆուտբոլիստներն էլ հետևություններ անում են»: