Չեռնոգորական «Եդինստվոյի» հետ ստուգողական խաղում (2:1) Նարեկ Գրիգորյանը դուբլի հեղինակ դարձավ՝ օգնելով «Ուրարտուին» առաջին հաղթանակը տոնել Սերբիայում ընթացող հավաքի շրջանակում: Ֆուտբոլիստը պատասխանել է երևանյան ակումբի մամուլի ծառայության հարցերին:
Խաղի ու դուբլի մասին
«Սկզբից խաղը մի փոքր բարդ էր, բայց առաջին գոլից հետո ավելի հանգստացավ, ավելի լավ սկսեցինք խաղալ։ Այնուամենայնիվ, հեշտ հանդիպում չստացվեց, բայց կարողացանք մրցակցին համապատասխան ֆուտբոլ ցուցադրել, ճիշտ խաղալ ու հաղթել։ Դուբլ ձևակերպեցի, լավ գոլեր ստացվեցին, որոնք թիմային աշխատանքի շնորհիվ էին, կփորձեմ ավելի բարելավել մարզավիճակս ու ավելի շատ օգնել թիմին գոլերով»։
Հավաքի ընթացքի մասին
«Լավ նախապատրաստական շրջան ենք անցկացնում, բարձր ինտենսիվությամբ մարզվում ենք, ուստի մի փոքր հոգնածություն է նկատվում խաղերի ժամանակ, բայց կարծում եմ՝ սա նորմալ է հավաքի համար։ Փորձում ենք ամեն խաղին հավաքված մոտենալ ու խաղալ հաղթանակի համար»։
Ստուգողական հանդիպումների մասին
«Ստուգողական խաղերից առաջինում մեր մրցակիցը («Պետրովաց») ավելի ուժեղ էր, ավելի դժվար խաղ ընթացավ, բայց պարտվելիս կարողացանք պատասխան գոլը խփել, կարող էինք ևս մեկը խփել, բայց չստացվեց։ Ընտրված մրցակիցները մեզ համապատասխան թիմեր են, դեռ երկու հանդիպում էլ ունենք, կփորձենք հաղթանակով ավարտել»։