Ուլի Հյոնես. «Բավարիան» շատ հստակ ասել է, որ Ռոբերտը պետք է մնա»

Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը գնելու «Բարսելոնայի» փորձերի մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի վերաբերյալ «Բարսելոնան» արել է  հերթական՝ արդեն երրորդ առաջարկը։

Կատալոնական ակումբը 33-ամյա լեհի համար առաջարկել է 40 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն եվրո բոնուսներ։

Մյունխենցիներն իրենց հերթին կդիտարկեն 50 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները։

«Ես ոչինչ չգիտեմ նոր առաջարկի մասին։ Բայց ելնելով ակումբում տիրող իրավիճակից, և այն ամենից, ինչ ես լսել եմ մի քանի խոսակցությունների ընթացքում, «Բարսելոնան» կարող է այլևս չանհանգստանալ:

Դա իմ որոշելիքը չէ, բայց «Բավարիան» շատ հստակ ասել է, որ Ռոբերտը պետք է մնա»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

Լևանդովսկին նախորդ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 50 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։