ՀՖՖ-ն այսօր քվեարկություն է սկսում՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Առաջարկվում է քվեարկության միջոցով որոշել վերջին 30 տարիների լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ դիրքերի:
Նշվում է, որ թեկնածուներն առաջադրվել են ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնի, ՀՖՖ գործող և վետերան ֆուտբոլիստների հիմնադրամի անդամների ու ՀՖՖ Տեխնիկական տնօրինության մասնագիտական խորհրդի քննարկումների արդյունքում:
Հաշվի են առնվել թեկնածուների՝ վերջին 30 տարիների ընթացքում ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ Հայաստանի առաջնություններում, այլ երկրների ազգային առաջնություններում և եվրոպական ակումբային մրցաշարերում ունեցած մրցելույթները:
Քվեարկությունն անցկացվելու է 8 անվանակարգերում՝ Լավագույն դարպասապահ, լավագույն աջ պաշտպան, լավագույն կենտրոնական պաշտպաններ, լավագույն ձախ պաշտպան, լավագույն աջ կիսապաշտպան, լավագույն կենտրոական կիսապաշտպաններ, լավագույն ձախ կիսապաշտպան, լավագույն ենթահարձակվող/ հարձակվող:
Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:
Քվեարկությանը կարող են մասնակցել են Facebook-ում ՀՖՖ պաշտոնական էջի հետևորդները, որոնք պետք է անպայման ունենան իրապես գրանցված էլ.հասցե: Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 17-ը՝ 18:00: