«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը չի կարելի հաջողված համարել։ Պորտուգալացին, ով 2003-ից 2009 թվականներին հանդես է եկել անգլիական ակումբում, «Օլդ Թրաֆորդ» է վերադարձել 2021 թվականի ամռանը։ Չնայած այն հանգամանքին, որ 37-ամյա պորտուգալացին խփած 18 գոլով այս մրցաշրջանում ակումբի լավագույն ռմբարկուն է, թիմն այժմ զբաղեցնում է ԱՊԼ-ի 7-րդ հորիզոնականը:
«Այս պահին պետք է ասենք, որ Ռոնալդուի տրանսֆերը չաշխատեց։
Նա գոլեր խփեց, կարևոր գոլեր Չեմպիոնների Լիգայում մրցաշրջանի սկզբում, հեթ-տրիկ ձևակերպեց «Թոթենհեմի» դեմ խաղում, բայց կարծում եմ՝ եթե մտածում եք ակումբի ապագայի մասին, ձեզ ավելի երիտասարդ և քաղցած խաղացողներ են անհրաժեշտ, ովքեր կանեին ամեն հնարավորը և «Մանչեսթեր Յունայթեդին» ոտքի կկանգնեցնեին առաջիկա 2-3 տարիների ընթացքում.
Ակնհայտ է, որ Կրիշտիանուն մի փոքր անկում է ապրում, նա հաստատ այն խաղացողը չէ, ինչպիսին եղել է 20 տարեկանում, և դա պատահում է, այդպիսին է ֆուտբոլը: Նա վտանգավոր է դարպասի մոտ, բայց խաղի այլ ասպեկտներում թիմին ավելին է պետք, նրանց պետք են երիտասարդ և քաղցած խաղացողներ»,- ասել է Ռունին Sky Sports-ին: