«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան պետք է հեռանա ակումբից պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Ֆրանսիացու գործող համաձայնագրի ժամկետը մանկունիանցիների հետ լրանում է 2021/22 մրցաշրջանի վերջում:
«Իրադարձությունները հասել են այն կետին, երբ ավելի լավ է առաջ շարժվել։ Եթե Պոգբան անկեղծ է իր հետ, ապա նրան չի հաջողվել «Մանչեսթեր Յունայթեդի» վրա ունենալ այն ազդեցությունը, որը կցանկանար ունենալ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
29-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ «Յուվենտուսից» 2016 թվականի ամռանը՝ համաշխարհային ֆուտբոլի համար ռեկորդային՝ 105 միլիոն եվրոյի դիմաց: Ընդհանուր առմամբ, աշխարհի չեմպիոնը անգլիական ակումբի կազմում անցկացրել է 230 հանդիպում, որոնցում դարձել է 39 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։