Տիագու Պինտուն հաջորդ շաբաթ Մոնտե Կառլոյում կհանդիպի Մխիթարյանի ներկայացուցիչների հետ

Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելուց հետո Հենրիխ Մխիթարյանն այժմ ամբողջությամբ կենտրոնացած է իր ակումբային կարիերայի վրա։

33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել խաղալ ամենաբարձր մակարդակով: Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ կիսապաշտպանի կայուն խաղը «Ռոմային» ստիպել է բանակցություններ սկսել հայ ֆուտբոլիստի հետ, ում գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին:

Իտալական Il Tempo թերթը հայտնում է, որ երկու կողմերն էլ լավատեսորեն են տրամադրված և շուտով համաձայնություն ձեռք կբերվի։

Հռոմեական ակումբի գլխավոր տնօրեն Տիագու Պինտուն հաջորդ շաբաթ պետք է մեկնի Մոնտե Կառլո, որտեղ կհանդիպի Մխիթարյանի ներկայացուցիչների հետ։ Դեռևս հայտնի չէ, թե համաձայնագիրը որքան ժամկետով նախատեսված կլինի՝ 1, թե՞ 2, հաշվի առնելով ֆինանսական ասպեկտները: