Բրենդան Ռոջերսը մտադիր է համոզել Յուրի Տիլեմանսին նոր պայմանագիր կնքել ակումբի հետ

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հույս ունի համոզել թիմի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսին նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է TEAMtalk-ը:

Հյուսիսիռլանդացի մասնագետը կարծում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված իր ծրագրերը կօգնեն «Լեսթերին» վերադառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակ, ինչն իր հերթին կխրախուսի ակումբի առաջատար աստղերին, ինչպիսին է բելգիացի ֆուտբոլիստը, մնալ թիմում: Կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:

«Աղվեսների» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը ֆուտբոլիստ է, ում Տիլեմանսը քաջ ծանոթ է, նրա հայրենակից՝ Շառլ դե Կետելարը: «Բրյուգեի» 21-ամյա հարձակվողը հիանալի մրցաշրջան է անցկացնում Բելգիայում. նա դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: