Խոակին Կապառոս. «Նորվեգիայի հավաքականի հետ խաղը բարդ է լինելու»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Նորվեգիայի դեմ վաղը կայանալիք հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

– Արդեն հասցրե՞լ եք դիտել Նորվեգիայի հավաքականի մասնակցությամբ խաղեր և ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա հանդիպումից: 

– Այո՛, մենք վերլուծել ենք մրցակցի խաղը, բնականաբար նաև մեր վերջին հանդիպումը Չեռնոգորիայի ընտրանու դեմ: Մենք սպասում ենք, որ բարդ խաղ կլինի, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, ովքեր բավական տաղանդավոր են: Նրանց ֆեդերացիան լավ է կատարում իր աշխատանքը: Կարծում եմ, որ շատ շուտով այս հավաքականը համաշխարհային մակարդակի վրա արդեն լուրջ դերակատարություն կունենա, քանզի այս թիմում հանդես են գալիս երիտասարդ ֆուտբոլիստներ:

– Սլովակիայի դեմ մրցավեճում նորվեգացիները խաղացին իրենց հիմնական կազմով: Արդյոք ձեզ համար նշանակություն ունի՞, թե վաղվա հանդիպմանն ինչ կազմով կխաղան նորվեգացիները, նրանց առաջատարները կլինեն մեկնարկային կազմում, թե դուրս կգան փոխարինման: 

– Իհարկե, շատ կարևոր է իմանալ Նորվեգիայի հավաքականի կազմը: Սակայն կարծում եմ, որ այս հանդիպումները, որոնց հետ կապված ֆեդերացիան համապատասխան պայմանավորվածություններ է ունենում, հետապնդում են այն նպատակը, որ կարողանանք մրցակցել, որովհետև Ազգերի Լիգայում մեզ բաժին են հասել բարդ մրցակիցներ: Այդ իսկ պատճառով էլ ընտրվեցին հենց այս մրցակիցները, քանի որ մենք ցանկանում ենք մրցակցել:

– Արդեն կողմնորոշվե՞լ եք վաղվա խաղի համար հավաքականի կազմի հարցում և հնարավո՞ր է լինեն փոփոխություններ՝ համեմատ Չեռնոգորիայի դեմ հանդիպման: 

– Իհարկե, մենք արդեն հստակ պատկերացնում ենք հիմնական կազմը, բայց առջևում դեռ 24 ժամ կա, կարող են լինել որոշակի փոփոխություններ, քանզի մենք ցանկանում ենք տեսնել բոլորին դժվարին խաղերում: Քանի որ հունիսին ունենք 4 հանդիպում, և բոլոր տղաները պետք է նման փորձ ունենան, մենք ցանկանում ենք հնարավորինս լավ մրցակցել»,- ասել է Կապառոսը: