Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Նորվեգիայի ընտրանու դեմ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին:
– Չեռնոգորիայի դեմ խաղը սկսեցիր մեկնարկային կազմում, կարողացար դառնալ գոլի հեղինակ և վերջապես խաղացիր լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Ի՞նչ զգացողություններ ունեցար այդ պահին:
– Շատ լավ զգացողություններ էին, առաջին անգամ խաղալ Հայաստանում ու կարողանալ հաղթել: Կարող եմ ասել, որ հավաքականում ընկերական հանդիպումներ չկան, միշտ փորձում ենք խաղալ, ուրախացնել մեր ազգին: Շատ կազմակերպված ֆուտբոլ խաղացինք, հենց առաջին րոպեից մինչև վերջին րոպեն: Արժանի հաղթանակ տարանք և հուսով ենք, որ այս հաղթանակը մեզ կօգնի զարգանալ որպես հավաքական, և որ հաղթանակը մեզ հետագայում կօգնի Ազգերի Լիգայում:
– Արդյոք արդեն դիտե՞լ եք Նորվեգիայի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ, ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին՝ որպես թիմի:
– Այո՛ արդեն դիտել ենք որոշ հանդիպումներ, կարող եմ ասել, որ շատ կազմակերպված, արագաուժային ֆուտբոլ են ցուցադրում: Թիմում ունեն ուժեղ անհատականություններ, հատկապես հարձակման գծում: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք հասնել մեզ համար դրական արդյունքի և կրկին ուրախացնել մեր ազգին»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը: