Մոուրինյո. «Մխիթարյանի՝ խաղադաշտ դուրս գալուց հետո խաղն անմիջապես փոխվեց»

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ռոման» 3:1 հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: Հռոմեական ակումբի կազմում երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ ի սկզբանե ցանկացել էր հանգիստ տրամադրել Հենրիխին:

«Այո, ես ուզում էի հանգիստ տրամադրել Մխիթարյանին, իսկ առանց նրա ու Պելեգրինիի չկա մեկը, ով կխաղա 10 համարի դիրքում, բայց նրան չհաջողվեց հանգստանալ: Ես ստիպված եղա երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս բերել նրան և խաղն անմիջապես փոխվեց», – ասել է պորտուգալացի մասնագետը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ: