Ռանգնիկը մեկնաբանել է «Բրենթֆորդի» դեմ խաղում փոխարինումից հետո Ռոնալդուի պահվածքը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեակցիան Պրեմիեր Լիգայի՝ «Բրենթֆորդի» դեմ խաղում (3:1) իր փոխարինմանը։

Պորտուգալացին 71-րդ րոպեին փոխարինման հետ կապված դժգոհություն էր հայտնել՝ իրեն հանձնած բաճկոնը գետնին գցելով և նստելով նստարանների կողքի աստիճանին։

«Դա նորմալ է, հարձակվողը ցանկանում է գոլ խփել: Բայց նա խաղաց փոքր վնասվածքից հետո, և կարևոր էր հիշել, որ առջևում մեզ ևս մեկ հանդիպում է սպասվում։

Բացի այդ, «Ասթոն Վիլայի» հետ խաղում տեղի ունեցածից հետո («ՄՅու»-ն հաղթելով 2:0 հաշվով՝ ձեռքից բաց թողեց առավելությունը և ոչ-ոքի խաղաց՝ 2:2), այս անգամ մենք ստիպված էինք պաշտպանել առավելությունը, կարևոր էր վերադառնալ 5 պաշտպանով խաղին:

Թեև մենք դարպասն անառիկ չպահեցինք, բայց կարևոր էր համոզվելը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենար»,- գերմանացի մասնագետին է ցիտում BBC Sport-ը: