«Չելսի» – «Վիլյառեալ». ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիրը որոշվեց ետխաղյա 11մ. հարվածաշարում

Քիչ առաջ կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակներում մրցեցին Չեմպիոններ Լիգայի հաղթող «Չելսին» և Եվրոպայի Լիգայի գավաթակիր «Վիլյառեալը»: Եթե իսպանական ակումբը նման մակարդակի առաջին հանդիպումն էր անցկացնում, ապա «Չելսին» 5-րդ անգամ էր վիճարկելու Եվրոպայի Սուպերգավաթը, չնայած որ, նախորդ 4 փորձից միայն մեկում էր «ազնվականներին» հաջողվել տիրանալ գավաթին՝ հեռավոր 1998 թվականին: 2012, 2013 և 2019 թվականներին «Չելսին» պարտություններ էր կրել:

Բելֆաստի «Ուինդզոր պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսում լոնդոնյան ակումբը հաշվի մեջ առաջ անցավ: 27-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հակիմ Զիեշը:

«Վիլյառեալը» մեծ դժվարությամբ վերականգնեց հաշվի հավասարությունը: 73-րդ րոպեին պատասխան գնդակը հեղինակեց վերջերս թիմի հետ պայմանագիրը երկարաձգած Ժերար Մորենոն:

Հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց, ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Այս տարվա սուպերգավաթակիրը որոշվեց ետխաղյա 11մ. հարվածաշարի օգնությամբ, քանի որ լրացուցիչ ժամանակի 30 րոպեների ընթացքում նույնպես խաղի հաշիվը չփոխվեց: Թիմերն իրացրեցին 7-ական հարված և «ֆուտբոլային վիճակախաղում» բախտը ժպտաց «Չելսիին», որն առավելության հասնելով 5:4 հաշվով, դարձավ 2021 թվականի ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր:

«Չելսին» դարձավ ՈՒԵՖԱ-ի կրկնակի սուպերգավաթակիր: