TOKYO-2020. Իսպանիա – Բրազիլիա՝ թիմերից մեկը դարձավ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն

Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ հանդիպման շրջանակներում միմյանց հետ մրցեցին Իսպանիան ու Բրազիլիան:

Հանդիպման 38-րդ րոպեին բրազիլացիները 11մ. տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, սակայն Ռիչարլիսոնը նշակետից բարձր հարվածեց: Այդուհանդերձ, առաջին խաղակեսի հիմանակaն ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին լատին-ամերիկացիները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: Աչքի ընկավ Մատեուշ Կունյան:

Երկրորդ խաղակեսում իսպանացիները գերազանցեցին մրցակցին: Արդյունքում՝ 61-րդ րոպեին Միկել Օյարսաբալին հաջողվեց ֆանտաստիկ գոլի օգնությամբ հաշիվը 1-1 դարձնել: Խաղավերջում եվրոպացիները կարող էին նաև վճռել մրցավեճի ելքը, սակայն գնդակը 2 դեպքում դիպավ դարպասաձողերին:

Լրացուցիչ ժամանակում բրազիլացիները համեմատաբար ավելի թարմ տեսք ունեին, և 108-րդ րոպեին նրանց հաջողվեց հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել: Հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Մալկոմը:

Բրազիլիան հաղթեց 2-1 հաշվով և կարողացավ պահպանել չեմպիոնական կոչումը: Հիշեցնենք, որ բրազիլացիները լավագույնն էին նաև տնային Օլիմպիադայում՝ 2016 թվականին, երբ Ռիո-դե-Ժանեյրոյում ետխաղյա 11մ. հարվածաշարի օգնությամբ հաղթեցին գերմանացիներին: