ՊՍԺ-ի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել, որ Լեոնարդոն հաջորդ մրցաշրջանում չի ստանձնի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։ Բրազիլացուն արդեն տեղեկացրել են որոշման մասին, հայտնում է L’Equipe-ը:
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին դժգոհ է տրանսֆերների արդյունքներից և այն փաստից, որ նախորդ ամռանը կատարած հսկայական ներդրումները չեն նպաստել Չեմպիոնների Լիգայում հաջող հանդես գալուն։
Լեոնարդոյի դեմ է խոսում նաև հարձակվող Կիլիան Մբապպեի հարցը, ում չհաջողվեց համոզել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Այս պաշտոնում Լեոնարդոյի հնարավոր փոխարինողներից մեկը «Թոթենհեմի» գործադիր տնօրեն Ֆաբիո Պարատիչին է։ Մեկ այլ տարբերակ է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։