ՌՊԼ-ի ակումբները քննարկում են մրցաշրջանի վաղ ավարտը

ՌՊԼ-ի ակումբները քննարկում են Ռուսաստանի առաջնության 28-րդ, 29-րդ և 30-րդ տուրերը մարտ և ապրիլ ամիսներին տեղափոխելու հարցը։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։

Նախօրեին տեղի է ունեցել ՌՊԼ-ի ակումբների ընդհանուր ժողով, որի ժամանակ թիմերի ներկայացուցիչները քննարկել են 2021/22 մրցաշրջանի ավարտի օրացույցը։ Ըստ աղբյուրի՝ ՌՊԼ-ը մտադիր է մրցաշրջանն ավարտել մեկ ամիս շուտ՝ ապրիլի վերջին, որպեսզի նվազագույնի հասցնի լեգեոներների հնարավոր հեռանալու ռիսկերը։

Այժմ լիգան և ակումբները մտածում են, թե ուր է հնարավոր տեղափոխել առաջնության վերջին 3 տուրը, որոնք նախատեսված են մայիսին։ Ընթացիկ օրացույցով 28-րդ տուրի հանդիպումները պետք է անցկացվեն մայիսի 5-6-ին, 29-րդը` մայիսի 12-13-ին, իսկ 30-րդը` մայիսի 20-21-ին: