«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և նրա գործակալ Պինի Զահավին զարմացած են, որ մյունխենյան ակումբի ոչ մի ղեկավար դեռ անձամբ կապ չի հաստատել իրենց հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ սկսելու համար, պնդում է Bild-ը։
Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
«Ես հանգիստ եմ: Ինձ համար կարևոր է, որ կարողանամ կենտրոնանալ իմ խաղի վրա: Ես բաց եմ ամեն ինչի համար, բայց ինձ համար կարևորն այն է, թե ինչ կլինի հաջորդ խաղում։ Պայմանագրերի հետ կապված ամեն ինչ երկրորդական թեմա է և մնում է հետին պլանում»,- լեհ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։