Գվարդիոլան ցանկանում է, որպեսզի «Ման. Սիթին» նոր պայմանագիր կնքի թիմի առաջատարներից մեկի հետ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է, որպեսզի ակումբը նոր պայմանագիր կնքի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի հետ, տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայինների» և 27-ամյա խաղացողի միջև բանակցությունները համաձայնագրի ժամկետի երկարաձգման շուրջ նոր են մեկնարկել:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Սպորտինգի» հետ առաջին խաղից (5:0) հետո Գվարդիոլան խոսել է պորտուգալացի ֆուտբոլիստի ապագայի մասին:

«Հուսով եմ, որ Բերնարդուն դեռ երկար տարիներ կմնա «Մանչեսթեր Սիթիում»: Սակայն որոշումը կկայացնեն Սիլվան և ակումբը՝ համատեղ»,- ասել է իսպանացի մասնագետը:

Սիլվան ընթացիկ մրցաշրջանում «Սիթիի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող համաձայնագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։