Ալեգրին՝ «Միլանի» դեմ խաղի մասին. ««Յուվենտուսը» չի հաղթել լավագույն քառյակի թիմերից ոչ ոքի»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայի 23-րդ տուրում «Միլանի» դեմ կայանալիք հանդիպման մասին:

«Մենք լավ շրջան ենք անցկացնում, բայց ճանապարհը երկար է, դեռ շատ հանդիպումներ կան։ Աղյուսակում մենք զիջում ենք «Միլանին», և այսօր լավ խաղ է լինելու։ Սա կարևոր հանդիպում է, պետք է լավ խաղալ։

«Միլանը» հիանալի անցկացրեց այս մեկուկես տարին, մենք պետք է արժանին մատուցենք Պիոլիին։ «Միլանը» պայքարում է Սկուդետտոյի համար:

Մինչև փետրվարի վերջ պետք է ավելի լավ մարզավիճակ ձեռք բերենք։ Մենք դեռ չենք կարող մտածել չեմպիոնության մասին, դա անիմաստ կլինի: Մենք փորձում ենք հասնել լավագույն քառյակի թիմերին, դեռևս նրանցից որևէ մեկին չենք հաղթել, այնպես որ այս հանդիպումը կարող է մեզ համար դա շտկելու հնարավորություն լինել»,- 54-ամյա մասնագետին է ցիտում Il Bianconero-ն:

«Յուվենտուս» – «Միլան» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 23-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: