«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ մադրիդյան ակումբը մտադիր չէ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կամ ամռանը բաժանվել եզրային հարձակվող Էդեն Ազարից։
«Ազարը հաջորդ մրցաշրջանի համար մեր ծրագրերի մեջ է մտնում, ես կարող եմ դա հաստատել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
2019 թվականին Ազարը 115 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»։ Այս մրցաշրջանում վինգերը բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 31-ամյա խաղացողը ցանկանում է հեռանալ «Ռեալից»։ Հաղորդվում էր, որ բելգիացի ֆուտբոլիստի հետ ցանկանում է պայմանագիր կնքել «Նյուքասլը»: