Կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»՝ չնայած իտալական և իսպանական ակումբների կողմից հետաքրքրությանը: «Կարմիր սատանաների» ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կցանկանար հոլանդացի ֆուտբոլիստին թիմում պահել առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Յունայթեդի» ղեկավարությունն իր հերթին դեռ վերջնական որոշում չի կայացրել 24-ամյա խաղացողի ապագայի վերաբերյալ։ Կիսապաշտպանից բաժանվելու հավանականություն դեռևս կա:
Վան դե Բեկը մանչեսթերյան ակումբին էր միացել 2020 թվականին՝ «Այաքսից», որտեղ թիմի առաջատարներից մեկն էր համարվում: «Օլդ Թրաֆորդում» նա չկարողացավ ցուցադրել իր առաջատարի որակները և չի համարվում թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: