«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը համատեղ հարցազրույց են տվել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը համատեղ հարցազրույց են տվել ակումբի մամուլի քարտուղարությանը։

Պորտուգալացի հարձակվողը հիշել է, թե ինչպես է Ֆերգյուսոնն օգնել իրեն, երբ հարձակվողի հայրը հոսպիտալացվել է։

«Սըր Ալեքսը հավանաբար չի հիշում սա, բայց ես ձեզ կասեմ, քանի որ դա գեղեցիկ պատմություն է: Մի օր հայրս գնաց հիվանդանոց, ես շատ էի անհանգստանում։ Ես խոսեցի Ֆերգյուսոնի հետ, և նա ինձ ասաց. «Կրիշտիանու, դու կարող ես հեռանալ 2-3 օրով»։ Մենք ծանր օրացույց ունեինք, և ես առանցքային խաղացող էի: Ֆերգյուսոնն ասել է. «Առջևում մեզ դժվար հանդիպումներ են սպասվում, և մեզ համար դժվար կլինի առանց քեզ, բայց ես հասկանում եմ ձեր վիճակը և թույլ եմ տալիս հեռանալ՝ տեսնելու ձեր հորը»։ Սա ինձ համար շատ կարևոր է, ավելի կարևոր, քան հաղթանակները Չեմպիոնների Լիգայում, Պրեմիեր Լիգայում և այլ մրցաշարերում։ Ես հարգում եմ սըր Ալեքսին, քանի որ նա միշտ հետևողական էր, նրա գործողությունները միշտ համահունչ էին նրա խոսքերին։ Ես գնահատում եմ դա»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։

«Իմ խնդիրն էր գնահատել ակումբի ամբողջ անձնակազմը, ոչ միայն խաղացողներին, այլ նաև անձնակազմին։ Կրիշտիանուի դեպքում կարևոր էր, որ նա իրեն հարմարավետ զգա, քանի որ նա շատ երիտասարդ էր, երբ եկավ մեզ մոտ»,- ավելացրել է Ֆերգյուսոնը։

Ֆերգյուսոնը Ռոնալդուի հետ աշխատել է 2003-2009 թվականներին, որից հետո պորտուգալացին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ 2021 թվականի օգոստոսի վերջին 36-ամյա խաղացողը վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»։