2024 թվականից Ազգերի Լիգային կմասնակցեն նաև Հարավային Ամերիկայի հավաքականները

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) փոխնախագահ Զբիգնև Բոնեկը հայտնել է, որ 2024 թվականից հարավամերիկյան բոլոր հավաքականները խաղալու են Ազգերի Լիգայում։

Ներկայումս մրցաշարը, որը հիմնադրվել է ՈՒԵՖԱ-ի կողմից 2018 թվականին՝ փոխարինելու ազգային հավաքականների ընկերական խաղերին, մասնակցում են միայն եվրոպական հավաքականները։

«Սա Ազգերի վերջին Լիգան է այս ձևաչափով։ Մենք հանդիպում ունեցանք Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) հետ։ 2024 թվականից մրցաշարին կմիանան Հարավային Ամերիկայի հավաքականները։ Մենք դեռ աշխատում ենք ձևաչափի վրա։ Ազգային հավաքականների հանդիպումների ժամանակացույցը սահմանափակ է, ուստի այն չպետք է ծանրաբեռնվի»,- ասել է Բոնեկը Meczyki-ին տված հարցազրույցում:

Ըստ Բոնեկի՝ հարավամերիկյան լավագույն վեց հավաքականները՝ Արգենտինան, Բրազիլիան և, ամենայն հավանականությամբ, Կոլումբիան, Չիլին, Պերուն և Ուրուգվայը, կմիանան Ազգերի Լիգայի Ա լիգային: Մյուս չորս թիմերը՝ Բոլիվիան, Էկվադորը, Պարագվայը և Վենեսուելան, կմիանան B Լիգային: Սպասվում է, որ բոլոր խաղերը կկայանան Եվրոպայում: