Բրազիլացի երեք խաղացող կարող է հրավիրվել Իտալիայի հավաքական

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆից առաջ երեք օտարերկրացու համալրել հավաքականի կազմը։ Այս տեղեկությունը հաստատել է ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան։

«Ֆեդերացիան հետաքրքրված է բոլոր այն խաղացողներով, ովքեր կարող են ներգրավվել ազգային հավաքականում։ Աշխատում ենք երեք դիրքի վրա, գործընթացն ընթացքի մեջ է։ Մենք աշխատում ենք հարցի ֆորմալ մասի վրա, և կանչե՞լ խաղացողներին, թե՞ ոչ, դա մարզիչի որոշելիքն է լինելու»,- Գրավինայի խոսքն է մեջբերում Tuttomercatoweb-ը:

Ըստ աղբյուրի՝ խոսքը երեք բրազիլացի խաղացողի՝ պաշտպաններ Լուիս Ֆելիպեի («Լացիո») և Ռոջեր Իբանեսի («Ռոմա»), ինչպես նաև «Կալյարիի» կիսապաշտպան Ժոաու Պեդրոյի մասին է։

2022 թվականի մարտին կայանալիք փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա այսօր՝ նոյեմբերի 26-ին։