ԱԱ-2022. Արգենտինա – Բրազիլիա խաղի մրցավարներից երկուսը որակազրկվել են

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև հանդիպման (0:0) մրցավարները անորոշ ժամանակով հեռացվել են աշխատանքից, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման գլխավոր մրցավար ուրուգվայցի Անդրես Կունյան խաղի ժամանակ չի նկատել, թե ինչպես է Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին արմունկով հարվածել Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռաֆինյայի դեմքին։

VAR-ի մրցավարի օգնական ուրուգվայցի Էստեբան Օստոխիչը Կունյայի ուշադրությունը չի հրավիրել այս դրվագի վրա։ Երկու մրցավարներն էլ անորոշ ժամանակով որակազրկվել են Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի կողմից:

Բրազիլացիները 35 միավորով զբաղեցնում են հարավամերիկյան ընտրական գոտու առաջին հորիզոնականը։ Արգենտինացիները 29 միավորով երկրորդն են։