Սաուդյան Արաբիայում կխաղարկվի Դիեգո Մարադոնայի անվան գավաթը

«Բարսելոնան» և «Բոկա Խունիորսը» կհանդիպեն Մարադոնայի գավաթի խաղում:
Դեկտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադում կկայանա Դիեգո Մարադոնայի անվան խաղը: Անցյալ տարվա նոյեմբերի 25-ին լեգենդար արգենտինացին վաղաժամ հեռացավ այս կյանքից:
Հանդիպման վայրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում գտնվող «Միրսուլ Պարկ» ստադիոնն է, որը նախատեսված է 25000 հանդիսականի համար: «Բարսան» և «Բոկան», իհարկե, այն ակումբներից երկուսն են, որտեղ հանդես է եկել Դիեգո Մարադոնան: Խաղը կցուցադրվի և՛ Barça TV-ով, և՛ ակումբի Barça TV+ հոսքային ծառայության միջոցով:

Մարադոնան առաջին անգամ խաղացել է «Բոկայում» 1981/82 մրցաշրջանում՝ հաղթելով Մետրոպոլիտանոյի առաջնությունում և նվաճելով Լիբերտադորեսի գավաթի ուղեգիր։ Նա ակումբ է վերադարձել 1995-1997 թվականներին, իր վերջին երկու մրցաշրջաններում ՝ մինչև ֆուտբոլիստի կարիերան ավարտելը:

«Բարսելոնայում» խաղացել է երկու մրցաշրջան (1982-ից 1984 թվականներին) և անցկացրել 58 հանդիպում։ Այդ ժամանակ նա նվաճել է երեք տիտղոս ՝ Իսպանիայի գավաթը, Իսպանիայի սուպերգավաթը և  Իսպանիայի լիգայի գավաթը:
«Բարսելոնան» և «Բոկա Խունիորսը» նախկինում հանդիպել են տասը անգամ, վերջինը՝ 2018 թվականի Ժոան Գամպերի գավաթի համար խաղում, որում կատալոնական գրանդը հաղթեց 3:0 հաշվով։ Սա երկրորդ անգամն է, որ ակումբը հանդես կգա Սաուդյան Արաբիայում, այն բանից հետո, երբ երկիրը հյուրընկալեց Իսպանիայի Սուպերգավաթը 2020 թվականին: