«Բարսելոնան» անհաջող մեկնարկեց Չեմպիոնների Լիգայում: Երեքշաբթի երեկոյան կատալոնացիները տանը 0:3 հաշվով պարտվեցին Մյունխենի «Բավարիային»: Խաղից հետո մեկնաբանություն է տվել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
«Սա այն է, ինչ այս պահին կա: Չեմ կարող բողոքել ֆուտբոլիստների վերաբերմունքից, բայց որակի տարբերություն կա: «Բավարիան» մի թիմ է, որը երկար ժամանակ միասին է խաղում: Նրանց պահեստայինների նստարանը նույնպես բարելավվել է:
Մեր թիմում կան շատ երիտասարդ խաղացողներ, ովքեր երկու–երեք տարի հետո ավելի լավը կդառնան: Դժվար է համակերպվել, բայց պետք է սպասել, մինչև իրավիճակը բարելավվի, և ֆուտբոլիստները վերականգնվեն վնասվածքից: Մենք պետք է ևս մի քանի շաբաթ անցկացնենք առանց Ագուերոյի, Դեմբելեի և Ֆաթիի:
Եթե համեմատենք մեր երիտասարդ ֆուտբոլիստներին «Բավարիայի» ֆուտբոլիստների հետ, ապա տարբերություն կա: Որոշ ժամանակ անց այս տարբերությունը կնվազի:
Մենք գիտենք, որ անհնար էր, որ Սերխի Ռոբերտոն, դեմ առ դեմ խաղար Ալֆոնսո Դևիսի հետ: Կարծում եմ՝ երկրպագուները հասկանում են, թե ինչ էր կատարվում այսօր»,- Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն: