Գևորգ Ղազարյան․ «Մեր թիմը պետք է խաղա մեկը մյուսի համար»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը PROFFOOTBALL-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի և թիմի ներքին մթնոլորտի մասին։

Գևորգ Ղազարյանի խոսքով՝ հաջողության բանալին միասնականությունն է և ընդհանուր նպատակի շուրջ համախմբվածությունը։

– Ի՞նչ եք ակնկալում առաջիկա հանդիպումներից, և ինչպիսի՞ հավաքական կցանկանայիք տեսնել խաղադաշտում։

– Առաջին հերթին ցանկանում եմ տեսնել միասնական թիմ, որտեղ խաղում են մեկը մյուսի համար։ Երկու խաղերում ակնկալում եմ տեսնել հստակ գործողություններ, որոնք թիմը պլանավորել է։ Իսկ այդ ամենին պետք է գումարվի դրական արդյունքը՝ հաղթանակ Հունգարիայի դեմ և ոչ-ոքի՝ Պորտուգալիայի դեմ։

– Հունգարիան վերջին տարիներին կայուն աճ է ցույց տալիս․ ինչպիսի՞ խաղ եք սպասում նրանցից։

– Կարծում եմ՝ Հունգարիան զգույշ ֆուտբոլ կխաղա Հայաստանի հավաքականի դեմ․ չեմ կարծում, որ առաջին րոպեներից կնետվեն առաջ և կփորձեն բացել խաղի հաշիվը։ Խաղի ընթացքում նրանք կուսումնասիրեն մեզ և կփորձեն գտնել հաջողության հասնելու բանալին։

– Պորտուգալիան համաշխարհային մակարդակի աստղեր ունի․ ի՞նչ մարտավարական մոտեցումներ կարող են անհրաժեշտ լինել նման մրցակցի դեմ։

– Պորտուգալիայի ընտրանու դեմ պետք է շատ կոմպակտ խաղալ․ անհրաժեշտ է, որ բոլոր գոտիներում ունենանք քանակական առավելություն, քանի որ Պորտուգալիայի հավաքականում հանդես են գալիս շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք կարող են մեկը մյուսի դեմ ստեղծել մեծ առավելություն։ Պետք է փորձենք կոմպակտության շնորհիվ լրացնել այդ բացը և, հնարավորության դեպքում, արագ հակագրոհներով հասնել հաջողության։

– Մրցակիցների խաղաոճում ո՞րն է ամենավտանգավորը Հայաստանի հավաքականի համար։

– Հունգարացիները շատ վտանգավոր են խաղում երկրորդ հարկում, մինչդեռ մենք որոշակի խնդիրներ ունենք այդ հատվածում։ Ինչ վերաբերում է պորտուգալացիներին, ապա նրանք ցանկացած իրավիճակում կարող են լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար։

– Այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականի հիմնական ուժեղ կողմը ո՞րն եք համարում։

– Այս մրցաշրջանում դժվարանում եմ ասել, թե որն է Հայաստանի հավաքականի ուժեղ կողմը, բայց կարծում եմ, որ Եղիշե Մելիքյանը նոր է ձևավորում մեր ընտրանու ուժեղ կողմը։ Դա պետք է լինի թիմը՝ մեկը մյուսի համար խաղալու նվիրվածությունը, և հետո մենք կարող ենք հաջողությունների հասնել։

– Ձեր կարծիքով՝ ո՞րն է հաղթանակների հասնելու լավագույն բանալին Հայաստանի հավաքականի համար։

– Հաջողության հասնելու համար մեկ բանալի չկա․ կան բազմազան բանալիներ՝ կարգապահություն, աշխատասիրություն, նվիրվածություն, լավ ընտանեկան մթնոլորտ, տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստներ և տակտիկապես զարգացած թիմ։ Շատ բանալիներ են հարկավոր հաջողության հասնելու համար։