Իվան Յուրիչը կարող է հեռացվել «Ատալանտայի» գլխավոր մարզչի պաշտոնից

La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ Իվան Յուրիչի դիրքը «Ատալանտայի» գլխավոր մարզչի պաշտոնում լուրջ վտանգի տակ է, և նրա ճակատագիրը կարող է որոշվել առաջիկա երկու խաղերի ընթացքում։

Բերգամոյի ակումբը հայտնվել է խորը ճգնաժամում․ թիմը վեց հանդիպում է անցկացրել առանց հաղթանակի՝ գրանցելով հինգ ոչ-ոքի և մեկ պարտություն։

Վերջին տուրում «Ատալանտան» 1-0 հաշվով պարտվեց «Ուդինեզեին», իսկ Յուրիչը խաղից հետո խոստովանել է, որ թիմը ցուցադրել է «բացասական ֆուտբոլ՝ առանց ռիթմի, գաղափարների և ագրեսիայի»։

«Ես չեմ կարող որևէ մեկին առանձնացնել։ Մեզ ամեն ինչ պակասում էր՝ շարժում, արագություն, մտածված խաղ»,- ասել է խորվաթ մասնագետը։

«Ատալանտան» սեպտեմբերի 21-ից ի վեր չի հաղթել, իսկ վերջին երկու խաղերում չի կարողացել գոլ խփել՝ ցուցադրելով հարձակման չափազանց թույլ արդյունավետություն։

Յուրիչի ճակատագիրը կսահմանվի առաջիկա հանդիպումներում՝ Չեմպիոնների լիգայի խաղում Ռոբերտո Դե Զերբիի «Մարսելի» և Ա Սերիայի շրջանակում «Սասուոլոյի» դեմ մրցավեճերում։