Երկար դադարից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կրկին կվերադառնան «Կամպ Նոու»․ նոյեմբերի 7-ին թիմը առաջին անգամ կանցկացնի բաց մարզում վերանորոգվող մարզադաշտում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մարզադաշտը փակ էր դեռևս 2022 թվականից, երբ սկսվեց լայնածավալ վերակառուցումը։ Այդ ընթացքում կատալոնացիները տնային խաղերն անցկացրել են այլ մարզադաշտում։
Չնայած վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել, «Բարսելոնան» արդեն ստացել է թույլտվություն մարզադաշտում խաղ անցկացնելու՝ 26 հազար հանդիսականի ներկայությամբ։ Ակումբի ղեկավարությունը, սակայն, հույս ունի, որ շուտով թույլատրելի քանակը կավելանա մինչև 45 հազար։ Միայն այդ դեպքում թիմը կվերադառնա իր պատմական մարզադաշտ՝ որպես հիմնական տնային հարթակ։
Բաց մարզման տոմսերն արժեն 5 եվրո ակումբի անդամների, և 10 եվրո՝ ընդհանուր հանրության համար, իսկ ստացված հասույթը կուղղվի բարեգործական ծրագրերին։