«Բարսելոնան» կարող է այս ձմռանը ուժեղացնել իր կազմը՝ «Լևանտեի» հարձակվող Կարլ Էյոնգով։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ցանկանում է հունվարին միանալ կատալոնական ակումբին և մինչև ամառ վարձակալությամբ մնալ իր ներկայիս թիմում։
Ավելին, ինչպես հայտնում է Marca-ն՝ «Բլաուգրանայից» բացի, 22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»։
Նշվում է, որ «Բարսելոնան» Էյոնգին դիտարկում է որպես 37-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող, որի պայմանագիրը լրանում է մրցաշրջանի ավարտին։ Կամերունցու պայմանագիրը ներառում է 30 միլիոն եվրո Լա Լիգայի ակումբների և 40 միլիոն եվրո Պրեմիեր Լիգայի թիմերի համար հրաժարագնի կետ։
Այս մրցաշրջանում Էյոնգը մասնակցել է Իսպանիայի առաջնության 10 հանդիպման, խփել վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։