Սաուդյան Արաբիան մերժել է Լիոնել Մեսսիին

RMC Sport-ի փոխանցմամբ՝ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում էր կարճ ժամանակով միանալ Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկին 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ, սակայն մերժվել էր թագավորության իշխանությունների կողմից։

Mahd Talent Development Academy-ի ղեկավար Աբդալլահ Համմադը Thmanyah փոդքասթի ժամանակ հայտնել է, որ 38-ամյա ութակի «Ոսկե գնդակի» դափնեկիրը ցանկանում էր չորս ամիս խաղալ Սաուդյան Արաբիայի լիգայում՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար։

Սակայն Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարությունը մերժել է առաջարկը։

«Մեսսիի թիմը կապ է հաստատել ինձ հետ անցյալ ամռանը Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ։ Նա ցանկանում էր խաղալ Սաուդյան Արաբիայում ամերիկյան լիգայից չորս ամսվա ընդմիջման ժամանակ՝ Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար։ Նույնը պատահեց նաև Բեքհեմի հետ, երբ նա խաղում էր «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում, ապա տեղափոխվեց «Միլան»։

Ես առաջարկը ներկայացրեցի նախարարին, բայց նա հրաժարվեց թույլ տալ Մեսսիին գալ ընդամենը չորս ամսով, և հարցը փակվեց։ Նա ասաց, որ Սաուդյան Արաբիայի լիգան մարզական ճամբար չի լինի», – ասել է Համմադը։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։