Մարկինյոսը «Ռեալու՞մ»․ Ի՞նչ են խորհուրդ տվել մադրիդյան գրանդին

Նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն խորհուրդ է տվել «Ռեալ Մադրիդին» պայմանագիր կնքել 31-ամյա պաշտպանի հետ։ Նա նկատի ունի ՊՍԺ-ի բրազիլացի կենտրոնական պաշտպան Մարկինյոսին։

«Ես միշտ ցանկացել եմ Մարկինյոսին տեսնել «Ռեալ Մադրիդում»։ Ես պաշտում եմ այդ տղային։ Նրա հետ աշխատել եմ «ՊՍԺ»-ում, երբ Անչելոտիի անձնակազմի անդամ էի։ Նրա որակը, աշխատասիրությունը, կիրքը, համբերությունը… Նա անսահմանորեն աճել է։ Իհարկե, հիմա խաղում է աշխարհի լավագույն թիմերից մեկում՝ «ՊՍԺ»-ում։ Բայց հենց նա է այն ֆուտբոլիստը, որին ես կցանկանայի տեսնել «Ռեալ Մադրիդում»։

Մարկինյոսը շատ խելացի է։ Այսօր շատ քիչ պաշտպաններ կան, որոնք կարողանում են խաղալ մեն-մենակ, իսկ նա կարող է դա անել։ Ինձ համար Մարկինյոսը երազանքի խաղացող է, եթե «Ռեալ Մադրիդը» ցանկանում է դառնալ ավելի ուժեղ։ Բայց ես չեմ կարծում, որ ՊՍԺ-ն նրան կթողնի հեռանալ», — ասել է Մակելելեն Trivela-ին տված հարցազրույցում։

Մարկինյոսի գործող պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։